Օրենսդրություն

Հայաստանի Հանրապետության օրենքը պետական վերահսկողական ծառայության մասին

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

  1. Սույն օրենքը կարգավորում է պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացումը, Ծառայության լիազորությունները, Ծառայության կառուցվածքը, ծառայողների վարքագծի հատուկ կանոնները և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
  1. Պետական վերահսկողություն` Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն.
  2. Արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.
  3. Օրինականություն` վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև կնքված գործարքներով սահմանված պահանջներին.
  4. Պետական միջոցներ` վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը ու նյութական ու ոչ նյութական ակտիվները.
  5. Պետական միջոցների կառավարում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.
  6. Պետական միջոցների ձևավորում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքագրում, հասցեագրում.
  7. Վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և անձինք, որոնց առնչությամբ Ծառայության կողմից սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան իրականացվում է պետական վերահսկողություն.
  8. Տեսչական մարմին՝ «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մարմին:

 

Հոդված 3. Պետական վերահսկողական ծառայությունը

  1. Ծառայութունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: