Օրենսդրություն

ԳԼՈՒԽ 3

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

          Հոդված 7. Ծառայության կառուցվածքը

  1. Ծառայությունն ունի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար: Ծառայության կառուցվածքին վերաբերվող հարցերը կարգավորվում են օրենքով և Ծառայության կանոնադրությամբ, որը հաստատվում է Վարչապետի կողմից:

 

Հոդված 8.  Ծառայության ղեկավարը

  1. Ծառայությունը ղեկավարում է Ծառայության ղեկավարը (այսուհետ նաև՝ Ղեկավար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը: Ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Վարչապետին: Ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Վարչապետը` Ղեկավարի առաջարկությամբ:
  2. Ղեկավարը`

1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Վարչապետին.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության Ղեկավարին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը.

5) Վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

7) Վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կառուցվածքը, ինչպես նաև դրա կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման վերաբերյալ հարցերը.

8) ձևավորում է աշխատանքային խմբեր.

9) Ծառայությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, հանձնարարագրեր, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, լսում է Ծառայության աշխատակիցների գործողությունների դեմ բերված բողոքները.

10) պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու, կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով՝ Վարչապետի համաձայնությամբ ներկայացնում է գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.

11) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

12) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

13) այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ.

14) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.

15) կատարում է Վարչապետի առանձին հանձնարարականներ.

16) իրականացնում է Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

17) սահմանում է Ծառայության գլխավոր ֆինանսիստի պարտականություններն իրականացնող անձին:

  1. Ղեկավարի բացակայության դեպքում Վարչապետի համաձայնությամբ Ղեկավարի պարտականությունները կատարում է Ղեկավարի տեղակալներից մեկը:

 

Հոդված 9. Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները

  1. Ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքագրելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում Ծառայության աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում, և, դատողություններ կատարելիս, չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:
  2. Ծառայության աշխատակիցները չպետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեությանը, որոնք կարող են հակասել վերահսկվող օբյեկտի շահերին:
  3. Ծառայության աշխատակիցները հարգում են իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները՝ բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:
  4. Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ այլ ցանկացած եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա:
  5. Ծառայության աշխատակիցներն աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու, պետք է գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել Ծառայությունը, պետք է հարգեն վերահսկվող օբյեկտի և դրա պաշտոնատար անձի` գործունեության իրականացման նպատակները: