2018 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության
պետականվերահսկողական ծառայության կողմից կատարած
հիմնական աշխատանքների արդյունքների վերաբերյալ
Ներածություն
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը (այսուհետ՝ նաև Ծառայություն) պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա նորաստեղծ պետական կառավարման համակարգի մարմին է, որի ղեկավարը պաշտոնի է նշանակվել ՀՀ Վարչապետի 2018 թվականի մայիսի 21-ի թիվ 533-Ա որոշմամբ: Նշված ժամկետից մինչև 2018 թվականի ավարտը Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա ընդհանուր վերականգնվել է 761.064.000 ՀՀ դրամ գումար:
Կատարած հիմնական աշխատանքներ
- Ծառայության ղեկավարի 2018թ. հուլիսի 3-ի թիվ Հ/001-18 հանձնարարագրի հիման վրա «ԲԷՑ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝
- 2017թ. գործունեության ժամանակահատվածի մասով հայտնաբերվել և վերականգնվել է 152.500.000 ՀՀ դրամ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության հաշվեհամարին, և առաջիկա ամիսներին կվճարվի ևս 157.775.000 ՀՀ դրամ,
- 2017թ. սեպտեմբերի 23-ին «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության և «Մոնտաժտրանսշին» ՓԲ ընկերության միջև կնքված կապալային աշխատանքների կատարման «ԲԵՑ-ԲՄԱՇՁԲ-17/34» պայմանագրով նախատեսված ընդհանուր գինը նվազեցվել է 40.000.000 ՀՀ դրամով,
- Ծակքար համայնքի համայնքապետի կողմից հենասյուների ծրագիծ հողամասերի ձեռքբերման հետևանքով պետությանը պատճառված վնասը փոխհատուցվել է Ծառայության հաշվեհամարին ՝ 14.773.000 ՀՀ դրամ,
- «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2002-2014թթ. ժամանակահատվածում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն հանդիսացած Սահակ Աբրահամյանի գործունեության արդյունքում, «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը պատճառվել է շուրջ 134.000.000 ՀՀ դրամի վնաս, որի վերաբերյալ կազմված տեղեկանքն ուղարկվելու է ՀՀ գլխավոր դատախազություն՝ գործին համապատասխան իրավական ընթացք տալու նպատակով:
- Ծառայության ղեկավարի 2018թ. հուլիսի 6-ի թիվ Հ/004-18 հանձնարարագրի հիման վրա ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում վերականգնվել է 100.000.000 ՀՀ դրամ գումար:
- Ծառայության ղեկավարի 2018թ. հուլիսի 23-ի թիվ Հ/008-18 հանձնարարագրի հիման վրա «Լուսանշան» ՊՈԱԿ-ում իրականացվել է վերջինիս 2014-2018 թվականների ընթացքում իրականացված գործունեության ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2016-2018 թվականներին ՊՈԱԿ-ի կողմից պետությանը պատճառվել է 209.787.000 ՀՀ դրամի վնաս, որն ամբողջությամբ վերականգնվել է ՀՀ պետական բյուջե: 2014-2015 թվականների գործունեության ընթացքում նախնական տվյալներով պետությանը պատճառվել է շուրջ 135.000.000 ՀՀ դրամի չափով գույքային վնաս, որը սակայն հաշվետու ժամանակաշրջանի ՊՈԱԿ-ի տնօրենը հրաժարվել է վերականգնել, իսկ ներկայացված նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։
- Ծառայության ղեկավարի 2018թ. հուլիսի 24-ի թիվ Հ/009-18 և թիվ Հ/010-18 հանձնարարագրերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն 2018 թվականին ՀՀ ոստիկանության և «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի միջև կնքված շուրջ 1․000.000 ՀՀ դրամ արժողությամբ թվով 3 պայմանագրերի օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։ Ոսումնասիրության արդյունքում պարզվել, որ վերոնշյալ 3 պայմանագրերը կնքվել են ՀՀ-ում գնումները կանոնակարգող օրենսդրության մի շարք նորմերի խախտումներով։ Բացի այդ, փաստացի կատարված աշխատանքների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ դրանք կատարվում են թերի և անորակ, իսկ աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմնի՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացված հսկողությունն անբավարար է և կրում է զուտ ձևական բնույթ։ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետագա գործունեության նպատակահարմարությունը որոշելու նպատակով Ծառայության կողմից պատրաստված տեղեկանքը 2018թ․ հոկտեմբերի 25-ին թիվ Ե/303-18 գրությամբ ուղարկվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմ, որի ընթացքի վերաբերյալ, սակայն, տեղեկատվություն առկա չէ։
- Ծառայության ղեկավարի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամում՝ վերջինիս 2016-2018 թվականների գործունեության վերաբերյալ։ Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ hիմնադրամը փաստացի շեղվել է ՀՀ կառավարության կողմից հաստատված կանոնադրությամբ ամրագրված իր հիմնական նպատակներից։ Իրականացված անարդյունավետ կառավարման հետևանքով պետությանը և hիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, ինչի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կներկայացվի ՀՀ Վարչապետին առաջիկայում՝ նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքերի վերաբերյալ տեղեկանքը գտնվում է ամփոփման փուլում։
- Ծառայության ղեկավարի 2018թ. հոկտեմբերի 8-ի թիվ Հ/018-18 հանձնարարագրի հիման վրա ներկայումս ընթանում է ուսումնասիրություն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում՝ վերջինիս կողմից կազմակերպված գնումների գործընթացների նկատմամբ օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով։ Հանձնարարագրով ուսումնասիրության ավարտի ժամկետ է սահմանված սույն թվականի մարտի 20-ը։
- Ծառայության ղեկավարի 2018թ. օգոստոսի 9-ի թիվ Հ/013-18 հանձնարարագրի հիման վրա «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացվել են պատասխանատու կողմին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել իրականացնել վնասի փոխհատուցում 350.000.000 ՀՀ դրամի չափով, որից 284.000.000 ՀՀ դրամն արդեն իսկ վերականգնել է, իսկ մնացած գումարը նախատեսվում է վերականգնել մինչև 2019 թվականի հունվարի 25-ը:
- Ծառայությունը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված մշտադիտարկում իրականացնելու լիազորությունների շրջանակում հայտնաբերված անհամապատասխանությունների և ռիսկերի վերացման նպատակով առաջարկել է կասեցնել թվով 7 մրցութային գործընթացներ, որից միայն մեկի պայմանագրային արժեքը կազմում է 1.000.000.000 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կնքված պայմանագրերի արժեքներն արդեն իսկ իջեցվել են շուրջ 1.500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
- 2018 թվականի մայիսի 29-ից մինչև տարվա ավարտն ընկած ժամանակահատվածում Ծառայությունում կազմակերպվել է 1374 քաղաքացիների ընդունելություն: Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Ծառայություն է հասցեագրվել 1003 դիմումներ, բողոքներ, առաջարկություններ, որոնցից՝
- պետաիրավական ոլորտին առնչվող հարցեր՝ 354,
- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտին առնչվող հարցեր՝ 197,
- սոցիալական ոլորտին առնչվող հարցեր՝ 139,
- տնտեսական ոլորտին առնչվող հարցեր՝ 47,
- հանրային ծառայությունների ոլորտին առնչվող հարցեր՝ 266:
- Ծառայության ղեկավարի 2018թ. հոկտեմբերի 15-ի թիվ Հ/019-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Շիրակի մարզի Անի համայնքում, որի շրջանակներում պարզվել է, որ 2010-2018թթ․ իրավաբանական անձանց նկատմամբ չհաշվարկված հարկերի, տույժերի և տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 21.085.200 ՀՀ դրամ: Ծառայության ղեկավարի գրություններով պահանջված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ 2013-2017 թթ. կատարված 4.327․300 ՀՀ դրամ աշխատավարձի և 11.700.000 ՀՀ դրամի վառելիքի ծախսերը հիմնավորված և արժանահավատ չեն:
- Ծառայության ղեկավարի 2018թ. հոկտեմբերի 22-ի թիվ Հ/023-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, որի շրջանակներում պարզվել է, որ 2010-2018թթ․ ֆիզիկական անձանց նկատմամբ չհաշվարկված հարկերի և տույժերի ընդհանուր գումարը կազմում է 688.000 ՀՀ դրամ: Ծառայության ղեկավարի գրություններով պահանջված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ՝
- պետական միջոցների հաշվին իրականացվել է 182.696.500 ՀՀ դրամի անարդյունավետ ծախս,
- գնումների գործնթացի խախտմամբ՝ առանց գնման ընթացակարգ կազմակերպելու, կնքվել է 3.500.900 ՀՀ դրամի պայմանագիր,
- ուսումնասիրված ժամանակահատվածում համայնքի բյուջեին պատճառված վնասը կազմում է 2.530.000 ՀՀ դրամ, չհիմնավորված ծախսը՝ 384.000 ՀՀ դրամ, իսկ համայնքի բյուջե պակաս մուտքագրված գումարը՝ 2.505.100 ՀՀ դրամ:
- ավել դուրս գրված վառելիքի ծախսը կազմում է ընդհանուր 3.647.000 ՀՀ դրամ:
- Ծառայության ղեկավարի 2018թ. դեկտեմբերի 18-ի թիվ Հ/028-18 հանձնարարագրի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում, որի շրջանակներում պարզվել է, որ 2010-2018թթ․ իրավաբանական անձանց նկատմամբ չհաշվարկված հարկերի, տույժերի և տուգանքների ընդհանուր գումարը կազմում է 3.971.100 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց նկատմամբ հաշվարկված 5.108.700 ՀՀ դրամի հարկերի և տույժերի մասով մուտքերն ապահովելու ուղղությամբ համայնքապետարանի կողմից միջոցներ չի ձեռնարկվել: Ծառայության ղեկավարի գրություններով պահանջված տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզվել է, որ՝
- 2013-2017թթ. համայնքապետարանի կողմից իրականացվել է 140.618.000 ՀՀ դրամի չհիմնավորված ծախս:
- գնումների գործնթացի խախտմամբ՝ առանց գնման ընթացակարգ կազմակերպելու, կնքվել է 724․000 ՀՀ դրամի պայմանագիր:
- Ծառայության ղեկավարի 2018թ. հուլիսի 31-ի թիվ 012 հանձնարարագրի հիման վրա ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին (Վաղարշապատ) համայնքում իրականացվել է ուսումնասիրություն պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման և պետական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի վերաբերյալ համապատասխան նյութեր են ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Ըստ ՀՀ քննչական կոմիտեի կողմից հրապարակած տեղեկատվության՝ արձանագրված խախտումների հետևանքով համայնքին պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, ընդհանուր առմամբ կազմում է 590.000.000 ՀՀ դրամ։
- Ծառայության ղեկավարի 2018թ. հոկտեմբերի 15-ի թիվ Հ/020-18 հանձնարարգրի հիման վրա «Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ուսման վարձի փոխհատուցման մասով 2015-2017թթ. ընթացքում պետական բյուջեից ավել ստացած գումարը կազմում է 30.782.700 ՀՀ դրամ:
- Ծառայության ղեկավարի 2018թ. հոկտեմբերի 1-ի թիվ թիվ Հ/017-18 հանձնարարագրի հիման վրա «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերությունում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք արդյունք են պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի: Իրականացված ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են ՀՀ Վարչապետին:
- Ծառայությունը համագործակցության շրջանակներում համապատասխան տեղեկատվություն է տրամադրել ՀՀ իրավապահ մարմիններին՝ վերահսկողության շրջանակներում իրեն հայտնի դարձած այն հանգամանքների մասով, որոնք ծառայության գնահատմամբ պարունակում են առերևույթ հանցագործության հատկանիշներ, որոնցից մի մասով արդեն իսկ առկա են հարուցված քրեական գործեր: