ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2020: 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Սույն հաշվետվությունը ներառում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:

 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ամփոփվել են ընդհանուր առմամբ  9 ուսումնասիրությունների  արդյունքներ, ավելի քան 80 մշտադիտարկումներ (որոնցից որոշ մասը հրապարակման ոչ ենթակա), ՀՀ կառավարությանն են ներկայացվել մի շարք առաջարկություններ ՀՀ օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Ամփոփված տեղեկանքները որոշ դեպքերում ուղարկվել են իրավապահ մարմիններին, կան հարուցված քրեական գործեր:

Ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքում կազմված տեղեկանքների հիման վրա մի շարք դեպքերում, իրավապահ մարմինների քննչական գործողությունների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պատճառված վնասի չափով գումարը:

Ամփոփվում են ուսումնասիրությունները «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում և ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ում:

Ընթացքի մեջ են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունները, ինչպես նաև մի շարք մշտադիտարկումներ:

Ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն իրականացվել են ռիսկերի վեր հանման և գնահատման, ՀՀ վարչապետի հանձնարարականների, քաղաքացիների դիմում-բողոքների և մամուլի հրապարակումների հիման վրա:

Մշտադիտարկվում է համավարակի դեմ տարվող աշխատանքներում ներգրավված բոլոր պետական մարմինների կողմից իրականացվող միջոցառումները (վարակակիրների հայտնաբերում, մեկուսացում, ինքնամեկուսացում, թեստավորում, հոսպիտալացում, իրազեկում, արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժում, պարետի որոշումների պահպանման նկատմամբ վերահսկողություն):

Հաշվետու ժամանակահատվածում Ծառայությունում մուտքագրվել են 1303 փաստաթղթեր, որից՝ 270-ը քաղաքացիների դիմում-բողոքներ և տարբեր գերատեսչություններից ու կազմակերպություններից ստացված 1033 գրություններ։

Էլեկտրոնային եղանակով ստացվել են թվով 30 տեղեկատվական հարցումներ (4-ը՝ քաղաքացու կողմից,     4-ը՝ հասարակական կազմակերպությունից, 20-ը՝ լրագրողից, 1-ական պետական և մասնավոր կազմակերպությունից, 1-ը՝ փաստաբանի կողմից), ինչպես նաև ստացվել են 34 բանավոր հարցումներ լրատվամիջոցների կողմից։

      Հասցեագրված դիմումներից 247-ի մասով աշխատանքներն իրականացվել են դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնի գործառույթների շրջանակներում։

      «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 14-րդ կետերի համաձայն պետական կառավարման համակարգի ու տեղական ինքնակառավարման իրավասու մարմիններին հասցեագրվել են թվով 89 դիմումներ, որոնց նկատմամբ սահմանվել է հսկողություն և պատրաստվել  102 հանձնարարական։

  Կատարվել է 95 քաղաքացիների ընդունելություն, որոնց ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:

Պաշտոնապես գործող տեղեկատու հեռախոսահամարի միջոցով  265 քաղաքացիների տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ։

Կատարված աշխատանքներին անբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հղմանը:

Հաշվետվություն 2020թ. առաջին կիսամյակ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներին մասնակցության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 650-Լ որոշմամբ հաստատված 2019 թվականին իրականացված միջոցառումների վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելված 1-ի 49-րդ կետի՝ «Պայքարը կոռուպցիայի դեմ» միջոցառման կատարման շրջանակներում  մասնակցել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքներին: Վերոնշյալ նախագծի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ներկայացրել է թվով 13 առաջարկություն, որոնցից 12-ը ընդունվել է: Արդյունքում 2019 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N 1332-Ն որոշումը:

Ինչպես նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության առաջարկությամբ  փոփոխություն է կատարվել ՀՀ Վարչապետի 2019 թվականի հունիսի 24-ի «Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և գործունեության կարգը, խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի ապրիլի 18-ի N 300-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 808-Ն որոշման մեջ, որով հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում ընդգրկվել է նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարը: