Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2022 թվականին կատարված աշխատանքները

Սույն հաշվետվությունը ներառում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:

2022 թվականին Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է 3 ուսումնասիրություն և 14 մշտադիտարկում (2021 թվականին մշտադիտարկումները 5-ն էին, իսկ ուսումնասիրությունները՝ 3-ը), որի ընթացքում արձանագրվել են գնման ընթացակարգի, պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքերի, ինչպես նաև ի հայտ են բերվել առաջարկություններին չարձագանքելու դեպքեր եւ այլ բնույթի խախտումներ: Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության 2022 թվականին արձանագրած խախտումները կազմել են մոտ 11 մլրդ ՀՀ դրամ:

Ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 6 ուսումնասիրություն և 21 մշտադիտարկում։ Հարկ է նկատել, որ 2021 թվականի համեմատությամբ մշտադիտարկումներն ավելացել են 17-ով: Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում խախտումներ են արձանագրվել պետական կառավարման մարմիներում, նրանց ենթակա հիմնարկներում։ Վարչության արձանագրած խախտումները կազմել են 8,45 մլրդ. ՀՀ դրամ։

Ծառայության ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 13 մշտադիտարկում և 195 վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվել Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ռիսկերը, պետական գնումներում հաղթող ճանաչված որոշ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր փոխկապակցվածությունը, արձանագրվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողությանն առնչվող մի շարք թերացումներ: Վարչությունը 2022 թվականի ընթացքում արձանագրել է 28,3 մլն ՀՀ դրամի խախտում:

Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 5 ուսումնասիրություն, 19 մշտադիտարկում, մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 3100 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնց արդյունքում կատարվել է 168 գնման ընթացակարգի տեխնիկակական բնութագրի փոփոխության առաջարկ: 2021 թվականին նույն ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 2780 գնման ընթացակարգ, որի արդյունքում տրվել է 122 գնման ընթացակարգի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: 2022 թվականին իրականացված վերահսկողության արդյունքներով 20 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում արձանագրված խախտումները կազմել են մոտ 2,18 մլրդ․ ՀՀ դրամ:

Ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը 2022-ին իրականացրել է 4 ուսումնասիրություն և 51 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 5-ն էին, մշտադիտարկումները՝ 2-ը)։ Վարչությունը 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրել է 15 725 110 220 ՀՀ դրամի և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 7 998 487 ՀՀ դրամ և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար:

Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 8 ուսումնասիրություն և 23 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 1-ն էին, մշտադիտարկումները՝ 16-ը)։ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրած մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է 811 238 733 ՀՀ դրամի խախտումներ, որից պետական բյուջե է վերականգնվել՝ 112 732 096 ՀՀ դրամ գումար, իսկ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա 13 686 480 ՀՀ դրամ:

Իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 5 ուսումնասիրություն և 13 մշտադիտարկում։ Վարչության 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրած խախտումները կազմել են 2 385 495 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 75 295 080 ՀՀ դրամ։

Ծառայության դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում ստացված հանրագրերը 2022 թվականին՝ 2021 թվականի համեմատությամբ աճել են մոտ 43%-ով։ Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է հանրագրերի հիման վրա՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում:

2022 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա կազմակերպություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում Ծառայության արձանագրած խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար։ Հարկ է նկատել, որ 2022 թվականին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2022: 1- ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են 2022 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Սույն հաշվետվությունը ներառում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:

2022 թվականի առաջին կիսամյակում իրականացվել է 192 մշտադիտարկում և 27 ուսումնասիրություն: Տվյալ պահին վերահսկողական գործողություններ են իրականացվում Արտաքին գործերի, Առողջապահության, Էկոնոմիկայի, Պաշտպանության նախարարություններում, մի շարք ԲՈՒՀ-երում, Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում և 10 խոշորագույն բժշկական հաստատություններում (հանդիպակաց), ինչպես նաեւ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում, Առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում և «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ում (հանդիպակաց), «Էկենգ» և «Հայփոստ» ՓԲԸ-ներում,    մարզպետարաններից մեկում և այլ մարմիններում, այդ թվում՝ գործարքի կողմ հանդիսացող անձանց մոտ։

Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Ծառայության կողմից  ուսումնասիրվում են նաև   ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման լիցենզիաների տրամադրման և ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ արտադրական կանեփի լիցենզավորման գործընթացները։

Ծառայության ղեկավար կազմին են ներկայացվել Երևանի քաղաքապետարանում իրականացրած վերահսկողական աշխատանքներից մանրամասներ, մասնավորապես, ուսումնասիրության ընթացքում  հողամասերի ընդլայնման վերաբերյալ վերլուծվել են թվով 199 արխիվային փաստաթղթային փաթեթներ, ինչպես նաև ուսումնասիրության առարկա են դարձել թվով 6932 շինարարության թույլտվություններին առնչվող ցանկերը՝ կապված ժամկետների խախտումների հետ: Քաղաքաշինության ոլորտում վերլուծության են ենթարկվել թվով 11.468 քաղաքացիների դիմումներ, իսկ վարչական տուգանքների կիրառման հարցերի հետ կապված դիտարկվել են  թվով 999 շինարարության թույլտվությունների երկարացումների հիմքեր:

Երևանի քաղաքապետարանում արձանագրված խախտումները տարաբնույթ են։ Ուսումնասիրությամբ արձանագրված առերևույթ իրավախախտման փաստերը ուղարկվել է վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Այն ստանալուց հետո  օրենքով սահմանված կարգով կամփոփվեն արդյունքները՝ Տեղեկանքի տեսքով և կզեկուցվի ՀՀ վարչապետին։

2022թ. առաջին կիսամյակում պետական կառավարման մարմիններում Ծառայության կողմից արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ թվով 19 տեղեկանքներ  փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական և ընթացք տալու համար։
Պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների  արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են  նաև Կառավարության որոշումների, ինչպես նաև  վարչապետի որոշումների և հանձանարարականների կատարումը, իսկ ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, ապա նաեւ՝ ըստ կարեւորության, զեկուցվում ՀՀ վարչապետին։