2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունվել է 204 հանրագիր. ՊՎԾ

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168:

Պետական վերահսկողական ծառայությունը քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության»  ու «Էյչ Ընդ Էյչ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում տնօրենի գործողություններում պաշտոնական դիրքի չարաշահման, անփութության, պետական միջոցների վատնման ռիսկերի առկայությանը: Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ շուրջ 112 մլն դրամի ծառայություններ չեն իրականացվել գնման մրցակցային գործընթացների շրջանակում: Պարզվել է նաև, որ ընթացիկ նորոգման աշխատանքների կատարման շրջանակում նախատեսվել են աշխատանքներ, որոնց ճշգրիտ չներկայացման պատճառով՝ կապալառու ընկերությանը շուրջ 2.8 մլն դրամ ավել գնով աշխատանք է ներկայացվել: Իրականացված մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:

Մեկ այլ քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ում:

Մշտադիտարկվել են Ինստիտուտում առկա աշխատանքային հարաբերությունները, աշխատակիցների հաճախումները, իրականացված աշխատանքները: Մշտադիտարկման ընթացքում տեղեկատվական շտեմարանների միջոցով վեր են հանվել նշված անձանց վերաբերյալ այլ կազմակերպություններում աշխատելու մասին տեղեկատվություն, ինչպես նաև հարցումներ են կատարվել համապատասխան կազմակերպություններին՝ վերջիններիս աշխատելու փաստի, աշխատանքային պայմանագրերի, աշխատանքային ռեժիմի և վարձատրության վերաբերյալ:

Պարզվել է, որ ինստիտուտում աշխատելուն զուգընթաց ղեկավար պաշտոն զբաղեցնող որոշ աշխատակիցներ միաժամանակ կատարել են նաև այլ վարձատրվող աշխատանքներ: Արդյունքում՝ այդ անձինք, աշխատանքային պայմանագրով սահմանված ժամանակահատվածում փաստացի աշխատանքի չհաճախելով, չկատարված աշխատանքի դիմաց ընդհանուր ստացել են շուրջ 45 մլն դրամի աշխատավարձ:

Մի շարք քաղաքացիների կողմից մուտքագրված դիմումների հիման վրա մշտադիտարկումներ են իրականացվել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների օրինականության վերաբերյալ:

Կոտայքի մարզում իրականացված մշտադիտարկումների արդյունքներով պարզվել է, որ մրցույթի միակ մասնակից և հաղթող ճանաչված «Մուլտի Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը 10 տարով երթուղիների սպասարկման իրավունքը տրամադրվել է էական խախտումներով: Օրինակ՝ տեխնիկական առաջադրանքով նախատեսված 37 երթուղիներից մրցույթին պակաս է ներկայացվել շուրջ 13 երթուղի:

Մրցութային հանձնաժողովն անտեսել է մի շարք պահանջներ՝ հայտ-պարտավորությամբ ներկայացված բոլոր ավտոբուսները չեն ներկայացվել հանձնաժողովին, երթուղիների սկզբնակետերի և վերջնակետերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ևս չի ներկայացվել, մրցութային առաջարկում չեն ներառվել երթուղիների ուղեգծերը և չվացուցակները: Ընկերությունը, այս ամենը հաշվի առնելով,  չի զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից:

Մեկ այլ հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացվել Գավառ խոշորացված համայնքի կանոնավոր ուղևորափոխադրումների վերաբերյալ:

Ներկայացված դիմումում նշվել է, որ Գեղարքունիքի մարզի մրցույթի պայմանները պահանջում են ֆինանսական մեծ ներդրումներ, ինչը բացառում է փոքր տրանսպորտային ընկերությունների՝ մրցույթին մասնակցելու հնարավորությունը, որի պատճառով մրցույթին մասնակցության հայտ է ներկայացվել միայն մեկ խոշոր կազմակերպության՝ «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ-ն: Մրցույթը բողոքարկվել է, քանի որ մրցութային հանձնաժողովի կողմից ընդամենը մեկ շաբաթ առաջ կատարվել են էական պայմանների փոփոխություններ, որոնց մասին հանձնաժողովը պատշաճ չի ծանուցել: Այսպիսով, Ծառայության կողմից ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված մրցույթների օրինականության մշտադիտարկման արդյունքները փաստում են, որ բացահայտված խնդիրները խոչընդոտ են հանդիսացել ՀՀ մարզերում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի արդյունավետ կառավարման տեսանկյունից՝ ստեղծելով նախադրյալներ մրցակցային ոչ հավասար պայմանների, ինչպես նաև մրցույթների մասնակիցների օբյեկտիվորեն մոնոպոլ դիրքերի չարաշահման հետ:

ՀՀ մարզերից  յուրաքանչյուրում մեկ միասնական օպերատորի միջոցով երթուղային ցանցերի սպասարկումը հանգեցնում է նրան, որ առաջանում են անհավասար մրցակցային պայմաններ՝ դաշտից դուրս մղելով կամ խոչընդոտելով տվյալ ոլորտում փորձ ունեցող, սակայն պակաս ֆինանսական ռեսուրսներ ունեցող ուղևորափոխադրող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին:

Այս ամենը հաշվի առնելով՝ Ծառայությունը ՀՀ վարչապետին է ներկայացրել համապատասխան առաջարկներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՊՎԾ-ի ուսումնասիրությունների և մշտադիտարկումների արդյունքներով՝ 2023 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նախաձեռնվել է 21 քրեական վարույթ

2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 27 միջնորդությունից նախաձեռնվել են թվով 21 քրեական վարույթներ

2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում պետական կառավարման մարմիններում Պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով՝ 27 միջնորդությունից նախաձեռնվել են թվով 21 քրեական վարույթներ, որոնցից 14-ը՝ Քննչական կոմիտեում, 7-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում:

Ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ են իրականացվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում, Էկոնոմիկայի նախարարությունում (Ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագիր) ՏԿԵՆ-ի Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ում, Պաշտպանության նախարարությունում, Վայոց ձորի մարզի Վայքի համայնքապետարանում, Շիրակի մարզի Անի համայնքապետարանում, Սյունիքի մարզպետարանում, «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, Երևանի քաղաքապետարանում, «Հայփոստ» ՓԲԸ-ում և այլ մարմիններում:

Արձանագրված խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը  փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու նպատակով, որոնց հիման վրա էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ. կատարվում է նախաքննություն:

Ծառայությունն այս պահին հետևողականորեն շարունակում է իր վերահսկողական լիազորությունների իրականացումը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՊՎԾ ռիսկերի գնահատման և վերլուծության վարչությունն իր կանոնադրական գործառույթների շրջանակում իրականացնում են լայնամասշտաբ վերլուծական աշխատանքներ, որոնք հետագայում կարող են դառնալ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների համար համապատասխան հիմքեր:

Ընթացքի մեջ են 58 վերահսկողական գործընթացներ՝ այդ թվում 11 ուսումնասիրություն և 47 մշտադիտարկումներ: Այս փուլում ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ են իրականացվում ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեում, Պաշտպանության նախարարությունում, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, «ՀԷՑ» ՓԲԸ-ում, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում, «ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում», Սյունիքի մարզպետարանում, մի շարք բժշկական կենտրոններում, մի շարք համայնքապետարաններում՝ 5-ամյա զարգացման ծրագրերի, սուբվենցիոն ծրագրերի, հողերի օտարման գործընթացների իրականացման նկատմամբ:

Ծառայության ամենօրյա մշադիտարկման ներքո են գտնվում նաև  Վարչապետի, Կառավարության որոշումների և հանձնարարականների կատարման ընթացքը: Ստացված արդյունքներն ամենօրյա ռեժիմով ներկայացվում են Ծառայության ղեկավարին, հետագայում ամփոփվում և ներկայացվում ՀՀ վարչապետին։

ՊՎԾ-ի կողմից իրականացվող մի շարք վերահսկողական գործառույթների հետ մեկտեղ՝ Ծառայության ուշադրության կենտրոնում են գտնվում նաև հանրային գնումները:

Պետական կառավարման համակարգի մարմինների և դրանց ենթակա պետական հիմնարկների կողմից իրականացվող գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Ծառայությանը հատկացվել է 10 լրացուցիչ հաստիք: Այս հաստիքների ներգրավման շնորհիվ հնարավորություն կընձեռնվի Ծառայության համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել պետական մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացները:

Ներկայումս ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա Ծառայության կողմից աշխատանքներ են իրականացվում նաև հանրային գնումների գործընթացների նկատմամբ արդյունավետ վերահսկողություն սահմանելու համար՝ անհրաժեշտ որոշակի ընտրանքային մեթոդաբանության, գնումների ընթացակարգերի ռիսկերի գնահատման նպատակով ռիսկայնությունը որոշող չափորոշիչների, վերահսկողության ընթացքում կիրառվող առաջնահերթությունների որոշման կարգը հաստատելու ուղղությամբ: Նպատակն է՝ ստեղծել գնումների գործընթացների վերահսկողության ինստիտուցիոնալ մոդել, որի մշակման համար ստեղծված աշխատանքային խմբում ներգրավվել են նաև ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

«Հայփոստ» ՓԲԸ-ում ուսումնասիրության արդյունքներով արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Հանձնարարագրով «Հայփոստ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ։

Ուսումնասիրվել են 2017-2021 թվականների ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կառավարման արդյունավետության հետ կապված հարցեր, որոնց թվում եկամուտներն ու ծախսերը, դեբիտորական պարտքերը, գույքերը, վարձակալությունները, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքները, գնումների գործընթացները և այլն: Հատկանշական է այն հանգամանքը, որ 2017-2019թթ.-ին ընկերությունն աշխատել է շահույթով, սակայն 2020-2021 թվականների գործունեության ամփոփ հաշվետվությունով արձանագրվել են ֆինանսական վնասներ:

Պարզվել է, որ «Հայփոստը» փոստային ծառայությունների մատուցման որակի բարձրացման նպատակով իռլանդական «Էսչեր Գրուպ» (Escher group) կազմակերպությունից շուրջ 1,7 մլն դոլարին համարժեք դրամով ձեռք է բերել «Riposte» ծրագրային համակարգ, սակայն համակարգը երբևէ չի գործածվել, չի ծառայել առաջնային նպատակներին: Փաստացի չօգտագործված ծրագրի ձեռքբերումը գնահատվել է որպես «Հայփոստի» ակտիվների ավելացում, ինչով պայմանավորված՝ շուրջ 446 մլն դրամ գումար՝ որպես ֆինանսական փոխհատուցում, վճարվել է ընկերության հավատարմագրային կառավարիչին։ Համաձայն գնման պայմանագրի՝ ծրագիրը ոչ միայն չի շահագործվել, ինչպես նախատեսվել էր (նախատեսված էր օգտագործել 2016-2026թթ.-ին), այլև 2016-2021թթ.-ի  համար շուրջ 410 մլն դրամ գումար ծախսագրվել է ծրագրի մաշվածության համար: Մասնավորապես՝ 2016թ.-ի համար ծախսագրվել է շուրջ 24,8 մլն դրամ, իսկ 2017-ի համար՝ շուրջ 75,8 մլն դրամ, 2018-2021թթ.-ին յուրաքանչյուր տարվա համար շուրջ 77,4 մլն դրամ:

Վերոգրյալը հետագայում բացասական ազդեցություն է ունեցել ընկերության՝ ՀՀ պետական բյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման տեսանկյունից .արդյունքում ընկերությունը կրել է շուրջ 1,4 մլրդ դրամի վնաս։

Հատկանշական է, որ ծառայության ուսումնասիրության ժամանակահատվածում, խախտումների հայտնաբերումից հետո, դադարեցվել է չօգտագործվող ծրագրի մաշվածության հաշվարկը:

«Հայփոստը» պատշաճ չի կատարել ՀՀ պետական բյուջեի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունները՝ չի հաշվարկել և պետբյուջե չի վճարել շուրջ 724 մլն դրամի չափով շահութաբաժնի գումար և դրա նկատմամբ հաշվարկված տույժեր: Մասնավորապես՝ 2020թ. փետրվարի 1-ից 2021թ. դեկտեմբերի 22-ի ընթացքում ընկերությունը հաշվարկել է շուրջ 2,5 մլրդ շահութաբաժնի գումար, սակայն չի վճարել պետբյուջե, որի պատճառով էլ առաջացել է շուրջ 568 մլն դրամի տույժ: 2019 թվականին և 2021 թվականին ընկերության կողմից չի հաշվարկվել շուրջ 146 մլն դրամ շահութաբաժնի գումար, որի պատճառով ևս առաջացել է շուրջ 11 մլն դրամի տույժ (01.02.2022թ. դրությամբ):

ՊՎԾ-ի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ ընկերությունն ԱՄՆ-ում հաշվառված իր դուստր կազմակերպությանը՝ «Հայփոստ Յու Էս Էյ Քորփ»-ին, 2015-2022թթ.-ի ընթացքում մատակարարել է նամականիշներ, մինչդեռ միջոցներ չի ձեռնարկել տրամադրված ապրանքի դիմաց նախատեսված գումարները ստանալու համար, որի արդյունքում առաջացել է ընդհանուր շուրջ 758 մլն դրամի դեբիտորական պարտք։

Ընկերության կողմից 2019-2021թթ. զուտ շահույթը պակաս հաշվարկելու արդյունքում  ՀՀ պետական բյուջե չի վճարվել շուրջ 55 մլն դրամ գումարի չափով շահութահարկ։

Ընկերության զուտ ակտիվների նվազման պայմաններում՝ «Հայփոստի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը 1 տարվա ընթացքում ստացել է շուրջ 39 մլն դրամի պարգևավճար, ինչպես նաև շուրջ 16 մլն դրամ՝ աշխատանքից ազատման հատուցման գումար։ Մինչդեռ վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ տնօրենը պարտավոր էր թույլ չտալ ընկերության զուտ ակտիվների նվազում, ինչը սակայն չի պահպանվել:

Պետական վերահսկողական ծառայության կողմից խախտումներ են արձանագրվել նաև վարձակալության պայմանագրերում: Ընկերությունը մի դեպքում իր սահմանած նվազագույն գնային սանդղակից ցածր արժեքով պայմանագիր է կնքել և զրկվել նվազագույնը շուրջ 82 մլն դրամից, մյուս դեպքում՝ իր սահմանած առավելագույն գնային սանդղակից ավել գումարով կնքել է վարձակալության պայմանագիր, որի  արդյունքում կրել է շուրջ 125 մլն դրամի վնաս:

Իրականացված շինարարական աշխատանքների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 25 մլն դրամի տարաբնույթ խախտումներ. հաշվարկված, սակայն փաստացի չկատարված աշխատանքներ, ավել հաշվառված և վճարված գումարներ, հանձնման-ընդունման ակտերի համաձայն ապամոնտաժված, սակայն չմուտքագրված ապրանքանյութական արժեքների գումարներ, անորակ և անարդյունավետ աշխատանքներ և այլն:

Ընկերության ներդրած «Phoenix» ծրագրի օգտագործման ընթացքում ծրագրային սխալի հետևանքով՝ աշխատակիցներից որպես պակասորդ պահվել է շուրջ 24 մլն դրամ գումար, մեկ այլ դեպքում՝ առանց ծախսը հիմնավորող փաստաթղթերի ծախսագրվել են շուրջ 17 մլն դրամի առհաշիվ ծախսեր:

Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի մի շարք աշխատակիցներ առանց հիմնավոր պատճառների բացակայել են ՀՀ-ից, սակայն շարունակաբար ստացել ամբողջական աշխատավարձ, և հաշվարկվել է շուրջ 15 մլն դրամի խախտում:

Արձանագրվել են նաև շուրջ 448մլն դրամի չափով խախտումներ ընկերության կողմից դուստր կազմակերպությանը տրամադրված փոխառության գումարների, աշխատակիցներին ազատելու մասին ուշ ծանուցման հետևանքով վճարված տույժերի և այլ ծախսերի հետ կապված:

Այս ամենից զատ, ընկերությունը ստեղծման օրվանից ի վեր չի պահպանել գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գնումներն իրականացվել են համապատասխան որակավորում չունեցող մասնագետների միջոցով՝ առանց իրավական հիմքերի, առանց գնումների պլանների և այլ փաստաթղթերի հրապարակման։

Իրականացված վերահսկողության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

ՀՐԱՄԱՆ — ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 1-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ