Հայտարարություն՝ բյուջետային հայտերի շուրջ հանրային քննարկման վերաբերյալ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին՝ ժամը 14:30-ին, ՀՀ պետական վերահսկողական ծառայության Մաշտոցի պող. 47 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի է ունենալու ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024-2026թթ. ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ՝ շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ՝ ՔՀԿ) հետ:

Խնդրում ենք քննարկումներին մասնակցել ցանկացող ՔՀԿ-ներին մինչև ս.թապրիլի 3-ը ներառյալastghik.mkrtchyan@supervision.am Էլ. փոստի հասցեով ներկայացնել մասնակցության հայտ՝ կից ձևաչափին համաձայն (ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

ՀՀ պետական վերահսկողական ծառայության 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ https://www.supervision.am/medium_term_expenses/#  հղմամբ:

ՁԵՎԱՉԱՓ-ՔՀԿ

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփում է ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) և մի շարք բժշկական կազմակերպություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները. 6 ԲԿ-ներում արձանագրված խախտումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 542մլն ՀՀ դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ամփոփվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին» 2020 և 2021 թվականների պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության՝ ուսումնասիրության արդյունքները, որի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում (ՊԱԳ) արձանագրվել են բազմաթիվ ընթացակարգային թերություններ և բացթողումներ, որոնք հանդիսանում են մի շարք պաշտոնատար անձանց կողմից առնվազն ոչ արդյունավետ կառավարման և աշխատանքային գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման արդյունք:

Այսպիսով՝ արձանագրվել է, որ ԱՆ Պետական առողջապահական գործակալության կողմից իրեն տրված համակարգման և վերահսկման գործիքակազմի ոչ պատշաճ կիրառման կամ չկիրառման պայմաններում ՀՀ-ում գործող մի շարք բժշկական կազմակերպություններ 2020-2021թ.թ. ընթացքում փոխհատուցման են ներկայացրել պետական պատվերի շրջանակներում չփոխհատուցվող կամ ավելի ցածր արժեքով փոխհատուցման ենթակա բժշկական ծառայությունների մատուցման դեպքեր և դրանց դիմաց պետական բյուջեից ստացել գումարներ, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից Պետական առողջապահական գործակալության փորձագետ-մշտադիտարկողների ներգրավմամբ թվով 6 բժշկական կազմակերպություններում իրականացված հանդիպակաց ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են ընդհանուր 541.690.017,0 ՀՀ դրամի խախտումներ, որից այս պահի դրությամբ ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 118.560.379,0 ՀՀ դրամ, ինչպես նաև՝ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա՝ ընդհանուր 13.686.480,0 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, 2 բժշկական կազմակերպությունների հետ կազմվել են ժամանակացույցեր՝ արձանագրված խախտումներից ևս 96.445.601,0 ՀՀ դրամ գումարը ՀՀ պետական բյուջե վերականգնելու վերաբերյալ: Այս փուլում ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված տեղեկանքների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են թվով 2 քրեական վարույթներ:

Մասնավորապես.

  1. «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 140.529.497,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 32.661.600,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին է վերադարձվել ընդհանուր 12.791.38,0 ՀՀ դրամ գումար: Ուսումնասիրությամբ վեր հանված մի շարք փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
  1. ««Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 119.343.340,0 ՀՀ դրամի խախտումներ: ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված Տեղեկանքում արձանագրված փաստերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ:
  1. «Արաբկիր բժշկական կենտրոն ԵԴԱԻ» ՍՊ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 80.828.110,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 79.800.410,0 ՀՀ դրամ, իսկ քաղաքացիներին վերադարձվել է ընդհանուր 895.100,0 ՀՀ դրամ:
  1. «Նորք-Մարաշ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 97.835.100,0 ՀՀ դրամի խախտումներ: Ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկանքը և կից նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար:
  1. «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 48.786.750,0 ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 6.098.369,0 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների մնացած գումարը 8 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու համար:
  1. «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում արձանագրվել են ընդհանուր 53.757.220,0 ՀՀ դրամի խախտումներ: Վերահսկվող օբյեկտի հետ կազմվել է ժամանակացույց՝ արձանագրված խախտումների գումարը 12 ամիսների ընթացքում ամբողջությամբ ՀՀ պետական բյուջե վերականգնելու նպատակով:

Արձանագրված խախտումների կրկնության ռիսկերը Պետական առողջապահական գործակալությունում և բժշկական հաստատություններում նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով Ծառայության կողմից պատրաստվում է առաջարկությունների ծավալուն փաթեթ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետին, ինչպես նաև Ծառայության ղեկավարի նոր հանձնարարագրի հիման վրա Ծառայությունը շուտով կմեկնարկի հերթական վերահսկողական գործառույթների իրականացումը Պետական առողջապահական գործակալությունում և պետական պատվերի խոշորագույն մասնաբաժին ունեցող՝ մի շարք բժշկական հաստատություններում՝ հանդիպակաց ուսումնասիրությունների ձևաչափով:

ՀՀ առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում այս ընթացքում իրականացված ուսումնասիրության արդյունքների ամփոփ Տեղեկանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարությունից գրավոր կարծիք ստանալուց հետո կքննարկվի դրանց հետագա ընթացքը լուծելու հարցը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական վերահսկողության ոլորտում գործող՝ ՀՀ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ: Ծառայության գործունեության նպատակն է ապահովել ՀՀ վարչապետին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

Պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2022 թվականին կատարված աշխատանքները

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում տեղի է ունեցել 2022 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված խորհրդակցություն՝ ողջ անձնակազմի մասնակցությամբ: Նիստը վարել է Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը: Զեկույցներով հանդես են եկել Ծառայության ղեկավարի տեղակալները՝ ներկայացնելով իրենց համակարգման ներքո գտնվող հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների կողմից 2022 թվականին իրականացված, նախաձեռնված և ընթացքում գտնվող ուսումնասիրությունների, մշտադիտարկումների, վերլուծությունների և ռիսկերի գնահատման վերաբերյալ համառոտ արդյունքային ցուցանիշները։

2022 թվականին Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչությունն իրականացրել է 3 ուսումնասիրություն և 14 մշտադիտարկում (2021 թվականին մշտադիտարկումները 5-ն էին, իսկ ուսումնասիրությունները՝ 3-ը), որի ընթացքում արձանագրվել են գնման ընթացակարգի, պետական միջոցների անարդյունավետ կառավարման դեպքերի, ինչպես նաև ի հայտ են բերվել առաջարկություններին չարձագանքելու դեպքեր եւ այլ բնույթի խախտումներ: Ծառայության պետաիրավական ոլորտի վերահսկողության վարչության 2022 թվականին արձանագրած խախտումները կազմել են մոտ 11 մլրդ ՀՀ դրամ:

Ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 6 ուսումնասիրություն և 21 մշտադիտարկում։ Հարկ է նկատել, որ 2021 թվականի համեմատությամբ մշտադիտարկումներն ավելացել են 17-ով: Իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում խախտումներ են արձանագրվել պետական կառավարման մարմիներում, նրանց ենթակա հիմնարկներում։ Վարչության արձանագրած խախտումները կազմել են 8,45 մլրդ. ՀՀ դրամ։

Ծառայության ռիսկերի գնահատման եւ վերլուծության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 13 մշտադիտարկում և 195 վերլուծություն, որի արդյունքում վեր են հանվել Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր ռիսկերը, պետական գնումներում հաղթող ճանաչված որոշ տնտեսվարող սուբյեկտների հնարավոր փոխկապակցվածությունը, արձանագրվել են մաքսային մարմնի կողմից մաքսային հսկողությանն առնչվող մի շարք թերացումներ: Վարչությունը 2022 թվականի ընթացքում արձանագրել է 28,3 մլն ՀՀ դրամի խախտում:

Ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 5 ուսումնասիրություն, 19 մշտադիտարկում, մշտադիտարկվել են գնման ընթացակարգերի տեխնիկական բնութագրերի ավելի քան 3100 գնման ընթացակարգերի հրավերներ, որոնց արդյունքում կատարվել է 168 գնման ընթացակարգի տեխնիկակական բնութագրի փոփոխության առաջարկ: 2021 թվականին նույն ցուցանիշը համապատասխանաբար կազմել է 2780 գնման ընթացակարգ, որի արդյունքում տրվել է 122 գնման ընթացակարգի տեխնիկական բնութագրի փոփոխության առաջարկություն: 2022 թվականին իրականացված վերահսկողության արդյունքներով 20 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ: Վերահսկողական գործառույթների իրացման արդյունքում արձանագրված խախտումները կազմել են մոտ 2,18 մլրդ․ ՀՀ դրամ:

Ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչությունը 2022-ին իրականացրել է 4 ուսումնասիրություն և 51 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 5-ն էին, մշտադիտարկումները՝ 2-ը)։ Վարչությունը 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրել է 15 725 110 220 ՀՀ դրամի և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի խախտումներ, որից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 7 998 487 ՀՀ դրամ և 7279 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար:

Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 8 ուսումնասիրություն և 23 մշտադիտարկում (2021 թվականին ուսումնասիրությունները 1-ն էին, մշտադիտարկումները՝ 16-ը)։ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրած մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել է 811 238 733 ՀՀ դրամի խախտումներ, որից պետական բյուջե է վերականգնվել՝ 112 732 096 ՀՀ դրամ գումար, իսկ քաղաքացիներին է վճարվել վերադարձման ենթակա 13 686 480 ՀՀ դրամ:

Իրավական ապահովման և օրինականության վերահսկողության վարչությունը 2022 թվականին իրականացրել է 5 ուսումնասիրություն և 13 մշտադիտարկում։ Վարչության 2022 թվականին իրականացրած վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրած խախտումները կազմել են 2 385 495 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 75 295 080 ՀՀ դրամ։

Ծառայության դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում ստացված հանրագրերը 2022 թվականին՝ 2021 թվականի համեմատությամբ աճել են մոտ 43%-ով։ Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է հանրագրերի հիման վրա՝ Դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում:

2022 թվականին պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա կազմակերպություններում, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում Ծառայության արձանագրած խախտումների, բացթողումների վերացման ուղղությամբ այդ մարմիններին ներկայացվել են համապատասխան առաջարկներ, իսկ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերը փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար։ Հարկ է նկատել, որ 2022 թվականին ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորությունների իրացման արդյունքներով նախաձեռնվել է 77 քրեական վարույթ, որից 33-ը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

Ընդլայնված խորհրդակցությանն ամփոփիչ խոսքով Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին անբասիր աշխատանքի և ծառայության հանդեպ սրտացավ վերաբերմունքի համար, իսկ Ծառայության մի շարք աշխատակիցներ արդյունավետ աշխատանքի և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժանացան խրախուսական պարգեւների:

Ծառայության ղեկավարի խոսքով՝ 2022 թվականին արձանագրված արդյունքները հնարավոր են դարձել միայն թիմային աշխատանքի, բարձր կազմակերպվածության և աշխատակիցների կողմից ցուցաբերած անձնական պատասխանատվության գիտակցումի շնորհիվ: Այդ ամենով հանդերձ, ծառայության ղեկավարը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել 2023 թվականի ընթացքում նախատեսվող բոլոր վերահսկողական գործողությունները պատշաճ կերպով իրականացնելու համար՝ հիմքում ունենալով ծառայության գործունեության արդյունավետության շարունակական բարձրացման գերակայությունները:

Ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն ամփոփիչ խոսքում անդրադարձել է Ծառայությանը Կառավարության որոշմամբ տրամադրված նոր մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Այդ նպատակով, 2023 թվականի պետական բյուջեով Ծառայությանը հատկացվել է 546 093,9 մլն դրամ: Ծառայության նոր մասնաշենքը գտնվում է մայրաքաղաի Գարեգին Նժդեհ 20 հասցեում: Քաղաքաշինության պետական կոմիտեն շուտով կհայտարարի Ծառայության նոր մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացման մրցույթը:

2022 թվականին կատարված աշխատանքներն ամփոփող ընդլայնված խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին օրենքի նոր նախագծին, որն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ: Օրենքի նոր նախագծով նախատեսվում է, որ Ծառայությանը կվերապահվի ֆինանսաբյուջետային դիտարկման նոր լիազորությունը, ինչը նախկինում իրականացրել է Ֆինանսների նախարարությունը: Ըստ այդմ, Ծառայությունում առաջիկա մի քանի ամիսներին կիրականացվեն կառուցվածքային փոփոխություններ, ինչպես նաև էականորեն կավելանա Ծառայության հաստիքների քանակը:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու եւ բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ տարածքում ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագրի արդյունավետության վերաբերյալ իրականացվել են վերահսկողական գործառույթներ․ հայտնաբերվել են խախտումներ


ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողական գործառույթներ են իրականացվել ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ որոշմամբ հաստատված պետական աջակցության ծրագրի շրջանակում:

Ծրագրով սահմանված կարգով՝ 2019-2022թթ. ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը փոխհատուցել է 0.5-ից 100 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների այգեհիմնման, ինչպես նաև հատապտղանոցների հիմնման ծախսերը՝ 50 տոկոսի չափով:

Վերահսկողական գործառույթների իրացմամբ արձանագրվել են մի շարք դեպքերով խախտումներ։
Մասնավորապես․

1. Ծրագրի շահառուների կողմից առավելագույն փոխհատուցման գումար ստանալու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն են ներկայացվել գյուղաբնակ քաղաքացիների հետ կնքված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, աշխատանքների հանձնման-ընդունման, վճարումների տրամադրման ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր:

2. Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են քաղաքացիների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք ձևակերպված չեն եղել ՀՀ հարկային մարմիններում, ինչի արդյունքում չեն հաշվարկվել և ՀՀ բյուջե չեն փոխանցվել հարկեր:

3. Ծրագրի շահառուների կողմից ներկայացվել են նաև առերևույթ ծախսերը հիմնավորող ոչ հավաստի տեղեկատվություն պարունակող փաստաթղթեր, որոնք տրվել են նմանատիպ գործունեություն չվարող կամ իրենց հետ մերձավոր ազգակցությամբ կապված տնտեսվարողների կողմից:

Նշված բոլոր դեպքերով պատասխանատու աշխատակիցների կողմից չի վարվել պատշաճ հսկողություն և մոնիթորինգ, արդյունքում տվյալ շահառուների ծրագրերը դիտարկվել են ծրագրին համապատասխանող, և փոխհատուցվել ամբողջական ծախսերի 50% չափով: Ծառայության կողմից իրականացված հաշվարկի արդյունքում՝ արձանագրված խախտումների չափը կազմել է մոտ 132,4 մլն ՀՀ դրամ: Վերահսկողության ընթացքում արձանագրված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվությունը և առնչվող նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Միաժամանակ, 3 դեպքով Ծառայության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղղարկվել են միջնորդություններ մի շարք քաղաքացիների նկատմամբ չգրանցված աշխատուժի շահագործման և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանգամանքը պարզելու նպատակով, որոնց վերաբերյալ նյութերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։