ՊՎԾ 2019 թվականի հաշվետվությունը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ամփոփել է մեկ տարվա ընթացքում իրականացված հիմնական աշխատանքները:

Ծառայությունն իր գործառույթների շրջանակներում շարունակաբար ապահովել  է  Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում և համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռևս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր և այլն։

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, տարբեր գործընթացների կանոնակարգմամբ պայմանավորված, արձանագրվել  են նաև ՀՀ պետական բյուջեի տնտեսումներ։

Վերահսկողական գործառույթն իրականացվել է ՀՀ վարչապետի համաձայնությամբ,  Ծառայության ղեկավարի հանձարարագրերի, ինչպես նաև ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմում-բողոքների, մամուլի հրապարակումների և այլ հիմքերով:

Ուսումնասիրությունների արդյունքում կազմված գրեթե բոլոր տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ իրավապահ մարմիններին: Կան հարուցված քրեական գործեր, ներկայացված են մեղադրանքներ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ իրականացված որոշ ուսումնասիրությունների և մշտադիտարկումների հիման վրա կազմված տեղեկանքներում առկա են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք հրապարկման ենթակա չեն:

Ընդհանուր առմամբ, վերահսկողական գործառույթներ են իրականացվել և իրականացվում ՀՀ ոստիկանությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում, ՀՀ պաշտպանության նախարարությունում,  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում, ՀՀ ՊԵԿ-ում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեում, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում,    ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում,  «Հայաստան համահայկական հիմնադրամում», «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում, ՀՀ էկոնոմիկայի (տնտեսական զարգացման և ներդրումների) նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի Գործակալություն» ՊՈԱԿ-ում, ՀՀ Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում, , , ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի «ՋՐԱՌ» փակ բաժնետիրական ընկերությունում, թվով 6 ջրօգտագործող ընկերություններում, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամում», Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում,  «Սևանի իշխանի պարշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամում,    Երևանի քաղաքապետարանում, ՀՀ Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարանում, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի և Վայքի համայնքապետարաններում, ՀՀ Արմավիրի մարզի Տալվորիկ, Զարթոնք և ՀՀ Արարատի մարզի Ռանչպար համայնքապետարաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ում, «ԲԷՑ» ՓԲԸ-ում, «Հայավտոկայան» ՓԲԸ-ում, «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում և այլ պետական վերասկողության ենթակա մարմիններում և բնագավառներում:

Որոշ դեպքերում, վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջականացնելու նպատակով իրականացվել են հանդիպակած ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ:

Հարկ է նշել, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և ՀՀ-ում իրականացվող ներդրումային ոլորտում պետական քաղաքականության իրականացման գործընթացներում ներգրավված այլ մարմիններում  կատարվել է ներդրումների խթանման ոլորտում կառավարության քաղաքականության իրականացման գործառույթների օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակներում կազմվել է տեղեկանք և ներկայացվել ՀՀ Վարչապետին։ Ուսումնասիրությունը շարունակվում է։

Տարվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվել և գրանցվել են 753 դիմում, որից 14-ը էլեկտրոնային եղանակով ստացված դիմումներ:

Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիներից և զանգվածային լրատվության միջոցներից ստացվել է 50 հարցում, որոնց բոլորին տրվել է պատասխան:

Կատարվել է 163 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում տրվել են բանավոր պարզաբանումներ՝ վերջիններիս կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:

Ծառայությունը իր՝ www.supervision.am կայքում ներդրել է  քաղաքացիների «դիմումների առցանց ընդունման» համակարգ, որի արդյունքում ՀՀ և օտարերկյա քաղաքացիները իրենց դիմում-բողոքները, հարցումները և առաջարկները կարող են ուղարկել Ծառայություն առցանց տարբերակով, հետևել դիմումի ընթացքին և ներբեռնել դիմումի պատասխանը կայքից:

Ծառայության դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունում գործում է «Թեժ գիծ»: Վերը նշված ժամանակահատվածում 171 քաղաքացիների տրվել է պարզաբանում իրենց կողմից ներկայացրած խնդիրների վերաբերյալ:Վերահսկողություն իրականացնելու արդյունքում մշակվել և համապատասխան իրավասու մարմիններին ներկայացվել են նաև բազմաբնույթ առաջարկություններ օրենսդրական բարեփոխումների և հետագա աշխատանքների կատարելագործման ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում կատարված աշխատանքներին զուգահեռ նախանշվել են նաև 2020 թվականի ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առաջնահերթությունները։

*ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 2019 թվականի առաջին և երկրորդ (տարեկան ամփոփ տվյալների ներառմամբ) կիսամյակների հաշվետվություններին կարելի է ծանոթանալ www.supervision.am պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով՝ https://www.supervision.am/%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2019-%d5%a9%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%ab-ii-%d5%af%d5%ab%d5%bd%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a8/։

 

«Հեռանկարի» տաղավարում ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանը ամփոփում է 2019 թվականը:

Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝

1․   2019 թվականին  ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը  (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից միայն մի քանիսը:  Հայտնաբերված խնդիրները,  պայմանավորված կոմիտեի փաստաթղթաշրջանառության կարգավորումների թերություններով, ընթացք չեն ստացել։

  1. Ուսումնասիրվել են ՀՀ օդանավ շահագործողի վկայականների տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերը և/կամ դրանց առկայությունը, հայտատուներին ներկայացվող պահանջները: Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում:
  2. Առկա են ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ թեև ՀՀ օրենսդրությամբ մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման իրավասություն կարող են ունենալ բացառապես կոմիտեի պաշտոնատար անձինք, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով նման իրավասություն է տրամադրվել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակցին։
  3. ՀՀ օրենսդրության համաձայն, սկսած 21.01.2017թ-ից օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր (օտարերկրյա օդանավ շահագործողների դեպքում), ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվություն ստանալու հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումը պետք է իրականացվեր www.e-gov.amկայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով։ Վերոնշյալ նպատակով USAID-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերվել շուրջ 22.5 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ և 45․8 մլն դրամի ծրագրային հավելված։ Թեև վերոնշյալ համակարգը գործարկման նպատակով, ըստ էության, պատրաստ է եղել 2018 թվականի դեկտեմբերից, սակայն մինչ օրս կոմիտեն հայտերը և դրանց կից փաստաթղթերը ընդունում է այլ, ոչ էլեկտրոնային եղանակով։
  4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու միայն մեկ կարգ, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարանջատվել են որպես օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների։ Օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ստանում են միևնույն թույլտվությունները, որոնց տրամադրման աշխատանքները, սակայն, կատարում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Ընդ որում, ըստ կոմիտեի, օդանավակայանի ներսում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն միայն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ները։
  5. ՀՀ օրենսդրության համաձայն միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման։ Մասնավորապես, ՀՀ օդանավ շահագործող ընկերություններից մեկը կոմիտեի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռևս սերտիֆիկացված չեն։

7․ Բացակայում են ավիացիային առնչվող մի շարք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերը։ Մասնավորապես՝ կարգավորված չեն ՀՀ-ում անձնական, ոչ առևտրային գործարարական, հատուկ ավիացիոն աշխատանքների իրականացման՝ հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող օդանավերի դեպքում օդանավ շահագործողի վկայական տալու հետ կապված հարաբերությունները։

  1. Առկա են զգալի օրենսդրական բացթողումներ նաև կոմիտեի կողմից իրականացվող վերահսկողության բնագավառում: Որևէ իրավական ակտով կարգավորված չէ կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները։
  2. Բացակայում են օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերը, հետևաբար նաև կոմիտեի կողմից համապատասխան վերահսկողությունը։

Բացահայտված թերությունների վերացման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ:

Տեղեկանքին ի պատասխան  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ կամփոփի իր անելիքները և վերհանված թերությունների վերացման ուղղությամբ կձեռնարկի համարժեք միջոցներ՝ համաձայն գործողությունների պլան-ժամանակացույցի:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

80 մլն դրամի խախտումներ Վայքի համայնքապետարանում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:  Արդյունքում արձանագրվել են 80 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ և թերություններ։ Մասնավորապես՝

  • 2016-2019թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից հարկերի և տուրքերի հավաքագրման գործընթացում արձանագրվել են չգանձված (չհավաքագրված) կամ պակաս գանձված հարկեր և տուրքեր։
  • Համայնքապետարանի կողմից 2016-2019թթ. ընթացքում օտարված որոշ հողատարածքների և գույքի աճուրդներին այլ մասնակիցների առկայությունը կրել է ձևական բնույթ:
  • Տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել եկամտային հարկի գումար:
  • 2017-2018թթ. ընթացքում Համայնքապետարանի կողմից ձեռք բերված ավտոպահեստամասերի ծախսման ճշտության ուսումնասիրությամբ արձանագրվել են չհիմնավորված ծախսեր:
  • Համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների մի շարք աշխատակիցներ բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, սակայն այդ ընթացքում նրանց համար հաշվարկվել և վճարվել են աշխատավարձեր։
  • 2016-2019թթ. Համայնքապետարանի, ինչպես նաև իրականացված այլ ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքների ուսումնասիրություններով արձանագրվել են փաստացի պակաս կատարված շինարարական-վերանորոգման աշխատանքներ:
  • Համայնքապետարանն իր կարիքների համար 2016-2019թթ. ընթացքում կազմակերպել է գնման ընթացակարգեր՝ խախտելով գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջները:

Կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն: