ԵՊԲՀ. ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի

Ավարտվել է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իրականացված ուսումնասիրությունը։
Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում։
Բացի այդ, ձեռք է բերվել 222.0 մլն. արժողությամբ գույք առանց գնման որևէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով։ Առկա են հիմնավոր կասկածներ, որ գույքը համալսարանի հետ առընչություն չունեցող անձանց կողմից օգտագործվել է առևտրային նպատակով։
Հատկանշական է այն հանգամանքը, որ համալսարանում վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մշտապես հաշվարկվել է հաստիքային աշխատավարձին մի քանի անգամ գերազանցող լրացուցիչ աշխատավարձ։ Հետևյալ համատեքստում ամենաբարձր լրացուցիչ միջին ամսական աշխատավարձերը կազմել են 5.1 մլն., 3.8 մլն. և 3.3 մլն. դրամ։
Կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն։ ՀՀ դատախազության կողմից ավելի ուշ տեղեկանքն ուղարկվել է  ՀՀ ազգային անվտանգության քննչական դեպարտամենտ՝ տեղեկանքում նշված հանգամանքները քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործի շրջանակներում ստուգելու նպատակով։

 

ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

Ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 310–րդ (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հոդվածների հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսի 7-ից Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում՝ տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի գնման գործընթացների վերաբերյալ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամում հայտնաբերված խախտումների վերաբերյալ։
Հիմնադրամի մուտքերի օրինականությունը և դրանց օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից և նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
Քրեական գործը հարուցվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով։

Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված հայտարարության

  Ի պատասխան «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենի՝ մամուլում արված այն հայտարարության, թե ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մաքսային արժեք ասելով՝ հասկանում է Չինաստանի կամ Սոմալիի արտադրանքի հետ համեմատությունը, ապա հարկ է նշել, որ համեմատությունը կատարվել է հենց նույն «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից ներմուծված ապրանքների մաքսային արժեքների և իրացման գների միջև, ոչ թե այլ ընկերությունների կողմից ներմուծված ապրանքների հետ։
Ինչ վերաբերում է «փոքր-ինչ» թանկ վաճառելուն, քանի որ դրա մեջ մտել է նաև սպասարկումը, ապա հայտնում ենք, որ նախ թանկ է վաճառվել մաքսային արժեքից 2.2 անգամ, և երկրորդ, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն նախկինում սպասարկումն իրականացրել է իր աշխատակիցների միջոցով, այնուհետև նրանց ազատել է աշխատանքից՝ նրանց անուններով գրանցել է անհատ ձեռնարկատերեր և սպասարկումը կազմակերպել այդ եղանակով՝ փաստացի նրանց վճարել նույն չափով գումար։ Այսինքն, «Ֆրեզեն» ՍՊԸ-ն այդ մասով նույնպես «վնասներ» չի կրել, քանի որ այդ ծախսերը նվազեցվել են պետական բյուջե վճարվող հարկերից։
Հարցին, թե ինչու մյուս ընկերությունների կողմից ներմուծված սարքավորումները չեն ուսումնասիրում, ապա հայտնում ենք, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ոչ թե ուսումնասիրում է որևէ կազմակերպությանը, տվյալ դեպքում «Ֆրեզեն» ՍՊԸ-ին, այլ իրականացնում է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ, որի շրջանակներում կանդրադառնա նաև այլ խնդիրների։
Այն պնդումը, որ ինվոյսային արժեքներին գումարվում են նաև այլ ծախսեր և իրենց մնում է «մի փոքր» գումար, ապա հայտնում ենք, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվությունների համաձայն, միայն 2016 և 2017 թվականների մասով նշված կազմակերպության շահույթը (բոլոր ծախսերը նվազեցնելուց հետո) համախառն եկամտի նկատմամբ կազմել է 56%։
Ինչ վերաբերում է այլ բժշկական կենտրոններում հեմոդիալիզի պարագաների անորակ լինելուն, ինչի արդյունքում վտանգվում են մարդկային կյանքեր, ապա, կարծում ենք, որ տվյալ հարցադրումը ՀՀ առողջապահության նախարարության տիրույթում է, քանի որ հեմոդիալիզի ծառայությունների մասով պետական պատվերը սահմանվում է նրանց կողմից և դրա նկատմամբ հսկողությունը՝ նույնպես։